erit.am-ը գրում է. 

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի այֆոնոգրաֆիա «Հայ Երուսաղեմ» ֆոտոցուցահանդեսի բացումով:

Լուսանկարների հեղինակը Ղևոնդ Վարդապետն է: Երուսաղեմի հայկական պատրիարքարանի վանահայրը, ով նաև ակտիվ բլոգեր է, ֆոտոխցիկի փոխարեն լուսանկարում է հեռախոսով: Նրա «Այֆոնոգրաֆիան» աշխարհում արդեն մեծ ճանաչում ունի: 

«ֆոտոցուցահանդեսով ներկայանալն ինձ համար նորություն է, ես փոքր-ինչ մոլորված եմ»,-այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց Ղևոնդ վարդապետը և հավելեց,- «ֆրեսկո»  փառատոնն ինձ համար լավ իմաստով տարօրինակ է: Երբ հրավիրեցին մասնակցեու,  չէի պատկերացնում՝ հոգևորականը ինչ պետք է անի երիտասարդական փառատոնին: Բայց Հաղարծին վանքում արդեն փառատոնն ինձ հոգեհարազատ դարձավ: Կարող եմ ասել, որ «Ֆրեսկո»-ն բարության և անշահախնդրության փառատոն է»:

Ի դեպ, Ղևոնդ Վարդապետը նաև «Այֆոնոգրաֆիա» թեմայով վարպետության դաս կանցկացնի:

Փառատոնի շրջանակում լուսանկարչության սիրահարներին ևս մեկ անակնկալ է սպասվում: Իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը Հայաստան է բերել իր «Հայաստանի աչքերն՝ իսրայելացու աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները ստեղծվել են հեղինակի՝ անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ: Ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 24-ին՝ Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսի բացման օրը փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու հայտնի լուսանկարչի՝ «Լուսանկար.տեսնել տեսանելին» վարպետության դասին:

«Ես եղել եմ հայաստանյան տարբեր վայրերում, լուսանկարներ արել, որի արդյունքում էլ ծնվել է  «Հայաստանի աչքերն իսրայելացու աչքերով» լուսանկարների շարքը: Իմ նկարներում հայկական  հիասքանչ աչքերն են»,- նշեց Դմիտրի Բրիկմանը:

Լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ փառատոնի կազմակերպիչներն անդրադարձան փառատոնի անցած ուղուն, այս տարվա մարզային և երևանյան ծրագրին: 

«Փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին, բայց այն կենդանի է ամբողջ տարին: Կարող ենք ասել, որ նախագիծը կայացած է: Ֆիլմերի որակից հասկացանք, որ մարդիկ ավելի համարձակ են դարձել: Նրանց մոտ հոգևոր արժեքների շատ նեղ, մութ  ընկալելու բարդույթը հաղթահարվել է: Այս տարի շատ էին իսպանալեզու ֆիլմերը: Փառատոնի նպատակն է արդի արվեստի միջոցով տարածել համամարդկային արժեքներ»,-նշեց փառատոնի կազմակերպիչներից Աննա Կարապետյանը:

Նշենք, որ փառատոնի շրջանակում օգոստոսի 23-ին և 24-ին՝ ժամը 22:00-ից Հայաստանի նկարիչների միությունում կկազմակերպվեն կինոդիտումներ: Օգոստոսի 25-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում ժամը 18:00-ից կցուցադրվի «Դաո Դե Ցզին» կինոժապավենը, որին կհաջորդի քննարկում ֆիլմի հեղինակ իսրայելացու հայտնի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի մասնակցությամբ: Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:30-ից Նարեկացի արվեստի միությունում հաջորդաբար կցուցադրվեն «Ֆրեսկո»-ի 15 կինոժապավեն: Ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու փառատոնի շրջանակում ցուցադրվող «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի ռեժիսոր Գուժ Թադևոսյանի հետ:

Օգոստոսի 26-ին և 27-ին՝ ժամը 20:45-ից 23:00-ն  Երևանի Կարապի լճի շրջակայքում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ: Մինչ ֆիլմերի դիտումը ներկաները կենդանի երաժշտություն լսելու հնարավորություն կունենան: Տեղի կունենա «Մրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգ, իսկ օգոստոսի 27-ին բեմը «Ալեքսանդրապոլ Օրչեստրա» խմբինն է: Օգոստոսի 28-ին էլ կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառում:

Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
23-08-2016

Betanet Company
Copyright © 2013 - 2018. Fresco International Festival. All Rights Reserved.