Ժյուրի-2014

Տեր Եսայի քհն. Արթենյան
Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ


Ծնվել է 1975 թ. Արմավիրի մարզի Պտղունք գյուղում: 1992-1997 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 1997-1998 թթ.` Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1996 թ. մայիսի 16-ին ձեռնադրվել է սարկավագ: 1998-1999 թ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան և ծառայել ԱՀԹ-ում: 1999 թ. ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1999-2000 թթ. ծառայել է Երևանի Մալաթիայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, 2000-2002 թթ.` ՊՆ 28920 զորամասում` որպես հոգևոր սպասավոր: 2002-2005 թթ.` Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում, 2005 թվականից` Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում:

 

 


Անտուան Ագուջյան
Լուսանկարիչ


Ծնվել է 1961 թվականին Փարիզի մոտակայքի Սեն-Մորե քաղաքում:
1986 թվականին ԱՄՆ -ում ֆոտոլաբորատորիայում աշխատելիս նա իր համար բացահայտեց լուսանկարչությունը: 1988 թվականին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո` ընդհուպ մինչև 1989 թվականը, նա իրեն նվիրեց Հայաստանում հումանիտար օգնությանը: Նա մեծ ջանքեր ներդրեց Սևանա լճի ափին հաշմանդամ երեխաների և որբերի համար ամառային կենտրոնի ստեղծման գործում:
1993-1998 թթ. նկարահանել է ռեպորտաժների մի քանի սերիա Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող սոցիալական իրավիճակների մասին և իրականացրել լուսանկարչական լուրջ աշխատանք Ստամբուլի մասին:
Ագուջյանի լուսանկարները ներկայացնում են բազմաթիվ վայրեր, որտեղ հայերն ապաստան են գտել եւ վերսկսել են իրենց կյանքը: Սեւ-սպիտակ խոշոր լուսանկարների վարպետ համարվող Անտուան Ագուջյանը լուսանկարչությունը ի սպաս է դնում խստապահանջ հիշողության որոնմանը եւ կամրջակներով միացնում է էակներին եւ անցյալը` ներկային:


Արամ Սուքիասյան
Ռեժիսոր, սցենարիստ


1993-98 թթ. սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում: 1998-2000 թթ. աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-2002 թթ.` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 2001-2002 թթ. եղել է Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը:
«Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերայի հեղինակն ու պրոդյուսերն է: 2001 և 2004 թթ. արժանացել է «Հայկյան» մրցանակի, 2004 թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006 թ.-ին` մեդալի, 2010 թ.-ին` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 2012 թ.-ին` Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար: 2012 թ.-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:


Արմեն Խաչատրյան
Ռեժիսոր


Ծնվել է Երևանում 1961 թվականին: 1984 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը /ВГИК/:

Նույն թվականից սկսած՝ աշխատում է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում:
Մասնակցել է 40-ից ավելի ֆիլմերի ստեղծմանը, բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մասնակից և դափնեկիր է:
Համարվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոամբիոնի հիմնադիրներից մեկը և այսօր էլ դասավանդում է այնտեղ` ղեկավարելով ստեղծագործական արվեստանոցներ: 

 

 

 

 


Գորան Ռադովանովիչ
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր


Սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչը ծնվել է Բելգրադում: 1977 թ.-ին ստացել է Մյունխենի Գյոթեի համալսարանի կրթաթոշակ և 1977-1980 թթ. ապրել և սովորել է Մյունխենում: Բելգրադ վերադառնալուց հետո աշխատել է որպես գրող և գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ռեժիսոր:

1982 թ.-ին ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արվեստի պատմության բաժինը: Բեռլինի եվրոպական կինոակադեմիայի ու Սերբիայի արվեստագետների միության անդամ է: Ներկայումս աշխատում է որպես հրավիրյալ դասախոս Կուբայի Կինոյի ու հեռուստատեսության միջազգային դպրոցում (EICTV).

Գորան Ռադովանովիչ վավերագրական ֆիլմերի հետահայաց  ցուցադրությունը տեղի  է ունեցել Բարսելոնայում (2006,2007)., Հավանայում (2010) ու Վիեննայում (2011): Նրա ֆիլմերը ցուցադրվել են նախկին Հարավսլավիայի պաշտոնական ծրագրերի ու մի շարք միջազգային կինոփառատոնների ընթացքում:


Կատյա Մալատեստա

Իտալացի արվեստաբանը կրթություն է ստացել Պիզայի համալսարանում, մշակութային ժառանգության պահպանության մասնագետ է, տեսողական արվեստների պատմության դոկտոր: Արդեն տասը տարի է՝ հեղինակում է արվեստի պատմությանը վերաբերող մասնագիտական նյութեր և գիտական հոդվածներ:
Աշխատում է Տրենտոյի պատմամշակութային ժառանգության կենտրոնում՝ ղեկավարելով մշակութային ժառանգության պահպանման և արժևորման բաժինը:

2008 թ. դեկտեմբերից ''Religion Today Filmfestival'' («Կրոնն այսօր») կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է: ''Religion Today''-ը ֆիլմերի միջազգային փառատոն է` նվիրված կրոնի և կինոյի միջև երկխոսությանը: Կատյան նաև Տրենտինոյի ֆորումի խորհրդի մարդու իրավունքների և խաղաղության, ինչես նաև «Կրոնը հանուն խաղաղության» նախաձեռնության Իտալիայի մասնաճյուղի անդամ է:
 


Հայր Հովհաննես Գուայտա
Ռուս ուղղափառ եկեղեցու
հոգևորական, պատմաբան


Ծնվել է 1962 թ.-ին Իտալիայի Սարդինիա կղզում: Ավարտել է Հռոմի և Ժնևի համալսարանները, փորձաշրջանն անցել Ռուսաստանում` Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում:
Ռուսաստանում (այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ), առաջին անգամ եկել է 1985 թ. և խորապես տարվել նրա մշակույթով և ուղղափառ հոգևորությամբ: Նրա գրչին են պատկանում ռուսական հոգևոր գրականության բազմաթիվ թարգմանություններ: Նա է կազմել «Ուղղափառ վարքաբանության բառարանը»-ը:
1989 թվականից փաստացի ապրում է Ռուսաստանում: Դասավանդել է Լեզվաբանական համալսարանում, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում:
Որպես պատմաբան Գուայտան առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Նա Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության մասին երեք գրքի հեղինակ է. «Մարդու կյանքը երկնքի և երկրի հանդիպումն է: Զրույցներ կաթողիկոս Գարեգին II-ի հետ», «Հավատարմության 1700 տարի», «Ճիչ Արարատից: Արմին Վագները և հայերի ցեղասպանությունը»:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.