Խորհուրդ-2016

Արամ Սուքիասյան
Ռեժիսոր, սցենարիստ

1993-98 թթ. սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում: 1998-2000 թթ. աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-2002 թթ.` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 2001-2002 թթ. եղել է Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը:

«Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերայի հեղինակն ու պրոդյուսերն է: 2001 և 2004 թթ. արժանացել է «Հայկյան» մրցանակի, 2004 թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006 թ.-ին` մեդալի, 2010 թ.-ին` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 2012 թ.-ին` Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար: 2012 թ.-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

 


Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ծնվել է 1979 թ. ք. Երևանում, Հայաստան: 1997-2002 թթ. հոգևոր ուսումնառությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2003 թ. փետրվարի 27-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
2005-2008 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է ծառայության Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմ` որպես առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Ս. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ:
2008թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:
2009 թվականից համատեղության կարգով նշանակվել է Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանի Հայաստանի համակարգող և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» տեսուչ, 2012 թվականից նաև Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի «Էօրնեկեան» մանկապարտեզի հոգևոր տեսուչ:


Բրիկման Դմիտրի

Բրիկման Դմիտրի ծնվել է Սովետական Միությունում՝ Լենինգրադ քաղաքում՝ Կարլ Մարքս պողոտայում: Հայտնի պատմական հանգամանքների բերումով այս երեք անվանումները հերթականությամբ, սակայն բավականին արագ անհետացան աշխարհագրական քարտեզներից: Այդ իսկ պատճառով նրա ծննդավայրի վերաբերյալ պարզ հարցը, որպես կանոն, վերածվում է փոքրիկ պատմական դասի: 1991 թվականից բնակվում է Իսրայելում: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել բավական հասուն տարիքում, երբ նա, տեսնելով անկրկնելի Երուսաղեմը, հասկացավ, որ իր տեսածը պետք է ինչ-որ կերպ վերաձևակերպել և ըմբռնել: Հենց ֆոտոխցիկն էլ եղավ ըմբռնման այդ սարքը: Հաջորդիվ գործընթացը նմանվեց գլորվող ձնագնդի և առաջին հայացքից անհամատեղելի թվացող առարկաները սկսեցին փոխկապակցվել` այդ կերպ, կարծեք, հասնելով այդ տարօրինակ ձևակերպման նշաձողին՝ «տեսնել տեսածը»: Այդպես լույս տեսան «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ»,  վերնագիրը կրող ֆոտոալբոմը և մյուս գործերը:

 


Հարություն Բալասանյան

1984թ-ից աշխատել է Երևանի 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցում` որպես բժիշկ-օրդինատոր, իսկ այնուհետ, որպես մանկաբույժ աշխատել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի Դարակերտի գյուղական բժշկական ամբուլատորիայում: 1987 – 1993թթ աշխատել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում` որպես ինֆեկցիոնիստ-մանկաբույժ: 1993-2001թթ ղեկավարել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքը: 2003թ - առ այսօր աշխատում է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում` որպես մանկատան տնօրեն: Ստացել է հետևյալ պարգևները. ՀՀ նախագահի կողմից Մովսես Խարենացու շքանշան և ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից Պարույր Սևակի շքանշան:

     


Հայր Հովհաննես Գուայտա

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, պատմաբան

Ծնվել է 1962 թ.-ին Իտալիայի Սարդինիա կղզում: Ավարտել է Հռոմի և Ժնևի համալսարանները, փորձաշրջանն անցել Ռուսաստանում` Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում:
Ռուսաստան (այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ) առաջին անգամ եկել է 1985 թ. և խորապես տարվել նրա մշակույթով և ուղղափառ հոգևորությամբ: Նրա գրչին են պատկանում ռուսական հոգևոր գրականության բազմաթիվ թարգմանություններ: Նա է կազմել «Ուղղափառ վարքաբանության բառարանը»-ը:
1989 թվականից փաստացի ապրում է Ռուսաստանում: Դասավանդել է Լեզվաբանական համալսարանում, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում:
Որպես պատմաբան՝ Գուայտան առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Նա Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության մասին երեք գրքի հեղինակ է. «Մարդու կյանքը երկնքի և երկրի հանդիպումն է: Զրույցներ կաթողիկոս Գարեգին II-ի հետ», «Հավատարմության 1700 տարի», «Ճիչ Արարատից: Արմին Վագները և հայերի ցեղասպանությունը»:`


Հակոբ Աբրահամյան

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ հիմնադիր նախագահ: Անդամակից մի շարք հասարակական կազմակերպությունների ու հանձնաժողովների, որոնց թվում են «Միավորված ազգերի կազմակերպության հայկական ընկերակցություն», «Հայաստանի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA Armenia): Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի անդամ:

  


Աշոտ Գևորգյան
ռեժիսոր, դերասան

1985 թ.-ին ավաարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Մասնագիտությամբ ռեժիսոր է, շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Աշոտ Գևորգյանը ոլորտում աշխատում է նաև որպես դերասան, նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.