«ՖՐԵՍԿՈ»
Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն
Ֆրեսկոն ամենամյա իրադարձություն է, որը հոգևոր և մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսություն ծավալելու և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացման հրաշալի առիթ է: Փառատոնի իրականացման գաղափարը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտերից մեկն առ աշխարհ:
Ֆրեսկո. կինոփառատոնի նոր բանաձև
«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
«Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում
«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:
Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց:
Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 10 օր շարունակ դառնում են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին փոխարինելու են գալիս հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ` ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:
Ոչ ֆորմալ մոտեցում է կիրառվում նաև կինոդիտումների վայրերի ընտրության ժամանակ: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած երևանյան կենտրոնի փոխարեն ցուցադրությունները անցկացվում են քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր):
Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:
Սիրելու առաջին քայլը ճանաչելն է
Իր տեսակով Հայաստանում եզակի այս ճամբարները ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
«Ֆրեսկո» կինոծրագիր. խոսում ենք մարդասիրության լեզվով
Փառատոնին կարող են մասնակցել խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:
Համամարդկային խնդիրների մասին` մատչելի լեզվով
Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև հոգևորականներ, հոգեբաններ և ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ, ոլորտի պատասխանատուներ: Կինոդիտմանն առնչվող ցանկացած բովանդակային և տեխնիկական մանրուք կոչված է նպաստելու մասնակիցների ակտիվ և անկաշկանդ մասնակցությանն այդ քննարկումներին:
Մասնագետները դառնում են կինոդիտողներից մեկը, իսկ մասնագիտական ճառերին փոխարինում են անկաշկանդ շփումն ու ակտիվ քննարկումները: Ֆիլմերն ու դրանց ստեղծողների հետ անմիջական շփումը հնարավորություն են տալիս բարձրաձայնված խնդիրները «տեսնել» նաև մեր երկրում, դիտարկել դրանք այլ երկրների փորձի համատեքստում:
«Ֆրեսկոն» բաց է յուրաքանչյուրի համար
Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են «Ֆրեսկոյի» կազմակերպչական աշխատանքներում:
Փառատոնի նպատակներն են՝
-Մշակութային երկխոսության միջոցով նպաստելու մարդասիրական ու հոգևոր արժեքների տարածմանը:
-Հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծումն ու զարգացման խթանումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը:
-Մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ համագործակցության դաշտի ստեղծումը:
-Հայաստանում հոգևոր տուրիզմի զարգացման նպաստումը:
Փառատոնի ծրագրերն են՝
- Ֆիլմերի դիտում-քննարկումներ
- Համերգներ
- Վրանային կինոճամբարներ
- Ցուցահանդեսներ
- Ուխտագնացություններ
- Վարպետության դասեր
- Կոնֆերանսներ