Հետադարձ հայացք

«Ֆրեսկո - 2016» փառատոնը

Փառատոնի մեկնարկը տրվեց օգոստոսի 19-ին Հաղարծին վանական համալիրի տարածքում կազմակերպված և 3 օր տևած մշակութային ճամբարով: Ճամբարին մասնակցեցին Հասատանի և արտերկրներից ժամանած արվեստագետներ, ԲՈՒՀ -երից, երիտասարդական կազմակերպություններից տարբեր ներկայացուցիչներ, մանկատան սաներ, սոցիաապես խոցելի խմբեր և լրագրողներ: Նախատեսված միջոցառումների ցանկը բավականին հագեցած էր. բացօթյա համերգներ , կինոդիտումներ-քննարկումներ, վարպետության դասեր, մշակութային տարաբնույթ միջոցառումներ: «Ֆրեսկո»-ի մշակութային ճամբարն այդ օրերին միացավ այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը, ինչը հնարավորություն ընձեռեց ավելի մեծ թվով մարդկանց ներգրավվել այս մշակութային իրադարձությանը:

Մետքասի ճանապարհ հյուրանոցում օգոստոսի 26 –ին կազմակերպվեց վարպետության դաս՝ «Հայկական գորգագործության» թեմայով, ինչպես նաև լավաշի թխման արարողություն և ֆիլմերի դիտում-քննարկում:

Ֆիլմի դիտումներ -Փառատոնի մրցութային ծրագրում ներառված էին 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, /Հայաստան, Ռուսաստան, Իրան, Ուկրաինա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Կիպրոս, ԱՄՆ, Լեհաստան, Բելգիա, Արգենտինա, Հունաստան, Բրազիլիա, Մեքսիկա, ԱՄԷ, Հարավային Կորեա, Վրաստան, Պոերտո Րիկո, Պորտուգալիա, Սինգապուր/: Փառատոնում ներկայացվեցին ֆիլմեր՝խաղարկային, վավերագրական, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ և դեբյուտային, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը, քարոզում` խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, հայրենասիրություն, անդրադառնում են ընտանեկան արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները, երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակությանը, որոնք առողջ ապրելակերպի և դրական աշխարհայացքի մասին են:
Ֆիլմերի մրցութային ծրագրին ժյուրին հենց ինքը հանդիսատեսն էր. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով քվեարկեցին իրենց նախընտրած ֆիլմի օգտին: Ֆիլմերի ռեժիսորների և հերոսների հետ կազմակերպվեցին քննարկումներ և վարպետության դասեր:
Ֆիլմերի ցուցադրություններ տեղի ունեցան Հաղարծին եկեղեցու տարածքում տեղադրված էկրանին, ինչը յուրահատուկ խորհրդավորություն հաղորդեց փառատոնին, Կարապի լճի վրա տեղադրված մեծ էկրանին: Կինոդիտումներ տեղի ունեցան նաև Նարեկացի արվեստի միությունում, որտեղ կեսօրից մինչ երեկո հայտարարված էր Ֆրեսկո փառատոնային օր, և Հայաստանի նկարիչների միությունում:

Համերգներ -Տավուշի մարզում և Կարապի Լճի տարածքում կազմակերպվեցին բազմաժանր համերգներ. ազգային՝ Մրրոն ու «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը, Նուբար ավանդական երգի-պարի համույթը և «Ալեքսանդրապոլ oրչեստրա» ռոք խումբը:

Ֆոտոցուցահանդես -Օգոստոսի 23-ից օգոստոսի 31-ը «Ֆրեսկո»-ի շրջանակներում կազմակերպվել էին 2 մեծ ցուցահանդես, Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի՝ «Հայ Երուսաղեմ» խորագրով լուսանկարները և «Այֆոնոգրաֆիա» խորագրով վարպետության դասը և իսրայելացի լուսանկարիչ՝ Դմիտրի Բրիկմանի «Հայաստանի աչքերը» ֆոտոցուցահանդեսը և «Տեսնել տեսածըր» խորագրով վարպետության դասը:

«Ֆրեսկո - 2015» փառատոնը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կայացավ հունիսի 27-ից հուլիսի 5-ը: «Ֆրեսկո» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Կարապի լճի» տարածքում, որտեղ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր-մշակութային և հասարակական ոլորտի գործիչներ, արտերկրից ժամանած հյուրեր, ինչպես նաև Ֆրեսկոյի արդեն հավատարիմ դարձած ընկերները և կամավորները:

Ֆրեսկո 2015-ի նորություններից մեկը բացօթյա տարածքում ավազե նկարչական շոու-ցուցադրությունն էր: Փառատոնի հատուկ հյուր ավազե անիմացիայի նկարչուհի Դարյա Կոտյուխը Հայաստան էր ժամանել Պետերբուրգից, որպեսզի հայաստանցիներիս ներկայացնի այս գեղեցիկ արվեստը: Կարապի լճի տարածքում 2 օր երևանցիները և քաղաքի հյուրերը ականատես եղան հայկական թեմաներով ավազե անիմացիայի գեղեցիկ ներկայացման, որ հատուկ պատրաստել էր Դարյան փառատոնի շրջանակներում ներկայացնելու համար:

Ֆրեսկո 2015-ի նորություններից էր նաև փառատոնի շրջանակներում տեղի ուենցած «Հավատն առանց սահմաների» խորագրով բացօթյա ֆոտոցուցահանդեսը: Կարապի լճի տարածքում տեղի ունեցած բացօթյա ֆոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին մի քանի ֆոտո-լուսանկարիչների աշխատանքներ: Իսրայելից ժամանած Դմիտրի Բրիկմանը ներկայացրեց իր «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» խորագրով ֆոտոշարքը, իսկ Գրիգոր Եփրեմյանը ներկայացրեց իր լուսանկարները, որոնք արված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլ 24ին տեղի ունեցած Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ընթացքում: Տաթևիկ Մելքոնյանը Ֆրեսկոյի շրջանակներում ներկայացավ «Հոգևոր Հայաստանի խոնարհված սրբությունները» ֆոտոշարքով, որը ցուցադրվեց Ֆրեսկոյի կինոճամբարի ընթացքում՝ Հառիճավանքի նախասրահում:

Արդեն ավանդույթ դարձած համերգային երեկոների ընթացքում ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, «Որդան Կարմիր» ռոք խումբը, «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» երգչախումբը, Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը, ջազ երգչուհի Աստղիկ Խերանյանը, իսկ փակման հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Մայր Աթոռի բակում, բեմ բարձրացան Նուբար ավանդական երգի-պարի համույթը, «Օվսաննա» երգչախումբը և «Զանգակներ» համույթը: Ներկայացնելով տարբեր ժանրերի երգ-երաժշտություն Ֆրեսկոն կրկին մի վայրում համախմբեց տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի:

Ֆրեսկո 2015-ի հերթական յուրօրինակ վրանային կինոճամբարն անցկացվեց Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրում, 2 փուլով, որին մասնակցեց շուրջ 180 մասնակից: Մինչ ֆիլմերի ցուցադրությանն անցնելը ասեղնագործ Անահիտ Կարապետյանը մասնակիցների հետ կիսվեց իր հմտություններով և ցուցադրեց իր աշխատանքներից որոշ գործեր: Նրան միացան նաև Խարբերդի մանկատան հատուկ խնամքի կարիք ունեցող սաները: Կինոճամբարին առաջին ֆիլմը ներկայացրեց Իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը «Երուսաղեմի աղոթք» վերնագրով, որը ամբողջությամբ կազմված էր լուսանկարներից: Այնուհետև ավազե անիմացիայի նկարչուհի Դարիա Կոտյուխը, Հառիճավանքում կրկին ցուցադրց իր տաղանդը՝ ավազանկարչություն՝ հեգևոր երաժշտության ներքո, ինչպես նաև անցկացրեց վարպետության բաց դաս ճամբարականների և տեղի երեխաների և մեծահասակների համար: Երեկոյան ժամերին տեղի ունեցան ֆիլմի ցուցադրություններ՝ ինչպես բացօթյա տարածքում, այնպես էլ եկեղեցու գավիթում, ինչի շնորհիվ խորհրդավոր մթնոլորտ ստեղծվեց:

Ընդհանուր առմամբ, «Ֆրեսկո» փառատոնին ներկայացվել էր 600 հայտ` մոտ 50 երկրից, ընտրվել էր 53 մրցութային ֆիլմ: Այս տարի թե՛ ֆիլմերի հայտերի, թե՛ մասնակից երկրների քանակը ավելացել էին, ինչը նշանակում է, որ Ֆրեսկոն արդեն իսկ իր հաստատուն տեղն է գտել փառատոնների լայն ցանկում իր ուրույն մոտեցմամբ և բազմաբովանդակ ասելիքով:

Փառատոնի կազմակերպիչները Ֆրեսկոյի հիմնական ծրագրային հիմնակետերից մեկն են համարում նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց ներգրավվածությունը փառատոնին: Այս տարի ևս հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցեցին փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվեցին կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները՝ եռագույն կավե ձկնիկները, պատրաստել էին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Իսկ Կարապի լճի տարածքում տեղի ունեցան Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նվիրված ֆիմերի դիտում և քննարկում: 

Փառատոնն անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Ծիծեռնակաբերդում ներկայացնելով «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը, որը ներառում էր ֆիլմի ցուցադրում-քննարկում, հանդիպում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Փառատոնի 2015-ի ավարտից հետո՝ հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, փառատոնի կազմակերպիչներին` գլխավորությամբ փառատոնի հոգևոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և փառատոնի խորհրդի անդամ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորեց հանրության կյանքից ներս հոգևոր-բարոյական արժեքների զորացմանն ուղղված նման նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը մասնավորապես ողջունեց երիտասարդության դերակատարությունը փառատոնի կազմակերպման գործում, ինչպես նաև այն, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում սոցիալական խոցելի խավերի ներկայացուցիչներին մասնակից դառնալ միջոցառումներին: Վերստին իր գնահատանքը հայտնելով հոգևոր ֆիլմերի փառատոնի նախաձեռնողներին` Նորին Սրբությունը բարի ընթացք մաղթեց փառատոնին և վստահություն հայտնեց, որ այն իր ծանրակշիռ և ուրույն տեղը կգրավի ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային մշակութային կյանքում:

«Ֆրեսկո - 2014» փառատոնը

2014 թվականի հունիսի 20–ից հուլիսի 6–ը տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը:

Փառատոնի շրջանակում` 15 օրվա ընթացքում Հայաստանի մարդաշատ վայրերը վերածվեցին բանավեճերի և քննարկումների հարթակների («Կարապի լիճ», Երևանի երգչախմբային ընկերության, ԱՀԹ, Երևանի սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճներ, Ծիծեռնակաբերդ, Օձունի և Ախթալայի եկեղեցիների բակեր):

Արդի արվեստի և դասական մշակույթի համադրության շնորհիվ հնարավոր եղավ համախմբել տարբեր սերնդի և ճաշակի հանդիսատեսի՝ ռոքի սիրահարներից մինչև դասական երաժշտությունը նախընտրողներին, ժողովրդական երաժշտության երկրպագուներից մինչև փոփ ոճը գերադասողներին:

Փառատոնը առանձնակի նշանակություն տվեց նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց. Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցեցին փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվեցին կազմակերպական աշխատանքներում, իսկ փառատոնի մրցանակները պատրաստել էին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Բոլոր միջոցառումներն ընթացան սուրդոթարգմանությամբ:

«Ֆրեսկո» փառատոնի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ «Կարապի լճի» տարածքում, մասնակցեց ավելի քան 1500 մարդ. Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր-մշակութային և հասարակական ոլորտի գործիչներ, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր: Կամավորների ձեռքով պատրաստված և Մայր Աթոռի կողմից օրհնված` 2000 վառվող մոմերն աղոթքով և խորհրդավոր բեմականացմամբ բաժանվեցին ներկաներին: Ընդհանուր առմամբ, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին միջազգային փառատոնին ներկայացվել էր 400 հայտ` 39 երկրից, ընտրվել էր 21 մրցութային և 36 արտամրցութային ֆիլմ:

«Կարապի լիճը» վերածվել էր բացօթյա կինոթատրոնի, իսկ նորարարական ձևաչափն ստեղծել էր ջերմ ու ժամանակակից մթնոլորտ: Քննարկումներին մասնակից դարձան ցուցադրվող ֆիլմերի ռեժիսորները, քաղաքացիներ, արվեստագետներ, հոգևորականներ և մտավորականներ, ինչպես նաև ժյուրիի անդամները և պատվավոր հյուրերը՝ Հայր Իոան Գուայտա՝ հոգևորական, պատմաբան, լրագրող (Ռուսաստան), Կատյա Մալատեստա՝ “Religion Today” փառատոնի կազմակերպիչ (Իտալիա), Գորան Ռադովանովիչ՝ վավերագրող (Սերբիա), Եպիսկոպոս Միքայել Լոնգին (Ուկրաինայի հերոս), Ջանլուկա Սոդարո՝ ռեժիսոր, սցենարիստ (Իտալիա), Մարտա Զաքարոն՝ պրոդյուսեր (Իտալիա), Տիամ Յաբանդեհ՝ ռեժիսոր, դերասան (Իրան), Սատար Չամանի Գոլ՝ պրոդյուսեր (Իրան), Ջալալ Փանահի՝ ռեժիսոր (Իրան), Օլգա Ամելյանենկո՝ պրոդյուսեր (Ռուսաստան), Զոյա Կոտովիչ՝ ռեժիսոր (Բելառուս):

Մայրաքաղաքային ցուցադրություններին և քննարկումներին հաջորդեց մարզային փուլը: Հայաստանի գեղատեսիլ անկյուններում՝ Օձունի և Ախթալայի եկեղեցիների տարածքում, ստեղծվել էր վրանային քաղաք:

Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:

Փառատոնն անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Ծիծեռնակաբերդում ներկայացնելով «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը, որը ներառում էր ֆիլմի ցուցադրում-քննարկում, հանդիպում Հայր Իոան Գուայտայի, Կատյա Մալատեստայի և թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.