Ճշմարտության հուշարձան

«Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիր նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 

Ֆրեսկո փառատոնի հիմնական գաղափարախոսությունը մարդասիրական արժեքներ քարոզելն է, և հիմք ընդունելով այդ համամարդկային արժեքներից խաղաղությունը, փառատոնի շրջանակներում ներկայացվում է «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Յուրաքանչյուր տարի Ֆրեսկոյի ծրագրում ներառվում է նաև այց Ծիծեռնակաբերդ, որտեղ փառատոնի մասնակիցները և հյուրերը հարգանքի տուրք են մատուցում Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև պաշտոնական  հանդիպում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, որին էլ հաջորդում է ռեժիսոր Օսկար Ափֆելի «Հոգիների աճուրդ» (երկրորդ անունը` «Ավրորա») հոլիվուդյան ժապավենի ցուցադրությունը, որը հայոց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմն է:

Ֆրեսկո հատուկ ծրագիր 2015

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս փառատոնի Հայաստան ժամանած հյուրերը և փառատոնի մասնակիցները այցելեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր-թանգարան: Ծիծեռնակաբերդի թանգարանում շրջելուց, փաստերին և վկայություններին ծանոթանալուց հետո  դիտեցին  «Ավրորա»: Այնուհետև ներկաները  անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Ավազե անիմացիայի նկարչուհի Դարյա Կոտյուխը տեսածի և լսածի ազդեցության ներքո իր նախապատրաստած ծրագրում ավելացրեց նաև, որպես ցեղասպանության ականատես և վերապրած, հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետին նվիրված հատված:

Ֆրեսկո 2015-ը նաև բազում փաստավավերագրական  ֆիլմերի հայտեր էր ստացել, որոնք անդրադառնում և ներկայացնում էին 20րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկը՝ ցեղասպանությունը: Իսկ ֆրանսիական «Բարի գալուստ Անգկար» և իրաքյան «Մրջյունների բույնը» ֆիլմերը նաև ընդգրկվեցին մրցութային ֆիլմերի ցանկում:

2015 թ.-ի փառատոնի ողջ ծրագիրը  նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Ֆրեսկո հատուկ ծրագիր 2014

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային առաջին փառատոնի «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Պաշտոնական ելույթներից հետո՝ ժամը 11:30-ին, ցուցադրվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմը։ Ռեժիսոր Օսկար Ափֆելի ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատարն ինքը՝ Արշալույս Մարտիկանյանն է։ Ֆիլմից պահպանվել է շուրջ 24 րոպեանոց ժապավեն:

Կինոդիտմանը հաջորդեց հանդիպում-քննարկում փառատոնի հատուկ հյուրերից մեկի` Հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատությունների, այդ թվում 2005-ին Մոսկվայում լույս է տեսած «Ճիչ Արարատից: Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտան ոչ միայն խոսեց հայերին նվիրված, իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, այլև պատմեց իր նոր գրքի մասին: Թանգարանում ելույթ ունեցավ փառատոնի հյուր Իտալիայի Religion today փառատոնի տնօրեն Կատյա Մալատեստան: Ելույթները ընթանում էին սուրդոթարգմանությամբ:

Հանդիպումից հետո ցուցադրվեց «Աուշվիտցն իմ ուսուցիչն է» 52 րոպեանոց Իտալական ֆիլմը: Տեղեկացնենք, որ հատուկ ծրագրի շրջանակում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկվել են միայն երկուսը:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.