Ֆոտոցուցահանդես

Երկխոսություն լուսանկարների լեզվով

Մշակութային այս նախաձեռնությունը երկխոսության աննախադեպ առիթ է, որը Հայաստանը արժանիորեն դարձնում է արդիական շփումների խաչմերուկ` ներկայացնելով մարդասիրություն քարոզող աշխարհի ստեղծագործությունների լավագույն նմուշները:

Միջազգային ֆոտոցուցահանդես «Ֆրեսկո 2016»

«Ֆրեսկո»-ի շրջանակներում կազմակերպվել էին 2 մեծ ցուցահանդես, որոնք բացառիկ և առանձնահատուկ էին հենց իրենց հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի մասնակցությամբ ու թեմայի ընտրությամբ:
«Ֆրեսկո»-ի շրջանակում օգոստոսի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր, աստվածաբանական գիտությունների թեկնածու հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Հայ ԵրուսաղԷմ» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Երուսաղեմի հայկական պատրիարքարանի վանահայրը, ով նաև ակտիվ բլոգեր է, որպես կանոն լուսանկարում է ոչ թե ֆոտոխցիկով, այլ հեռախոսով: Հենց այս թեմային էր վերաբերում հանրության և վիրտուալ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հոգևորականի «Այֆոնագրաֆիա» թեմայով վարպետության դասը:
Փառատոնի ծրագրում  նշանակալի իրադարձություն էր իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի լուսանկարների ցուցահանդեսը: Հայտնի լուսանկարիչը Հայաստան էր բերել իր` «Հայաստանի աչքերն` իսրայելացու աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները ստեղծվել են հեղինակի` 2015 թվականին Հայաստան կատարած այցելության ժամանակ: «Եվ ինչ կարող էի անել, եթե ոչ` ստեղծել «Հայաստանի աչքերը» ֆոտոպատմությունը, եթե խորտակվեցի ես այդ աչքերում»,- խոստովանում է լուսանկարիչը: 
Մասնակիցները հնարավորություն ունենցան նաև մասնակցելու լուսանկարչի «Լուսանկար. տեսնել տեսածը» վարպետության դասին: Բրիկմանը ներկայացրեց նկարը լուսանկարից տարբերելու և լավ լուսանկար ստանալու փոքրիկ, բայց կարևոր գաղտնիքները, և ամենակարևորը` բացատրեց ինչպես տեսնել, նկատել մարդուն, քաղաքը, ճակատագիրը, լռությունը, սերը, և  այն, ինչը հնարավոր չէ տեսնել:

Միջազգային ֆոտոցուցահանդես «Ֆրեսկո 2015»

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ուենցավ «Հավատն առանց սահմաների» խորագրով  բացօթյա ֆոտոցուցահանդեսը: Ֆոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին մի քանի ֆոտո-լուսանկարիչների աշխատանքներ:

Դմիտրի Բրիկմանը Իսրայելից, ներկայացրեց «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» խորագրով ֆոտոշարքը, որը 4 օր շարունակ բացօթյա ցուցադրության էր դրված Երևանի սրտում՝ Կարապի լճի մոտ:
Գրիգոր Եփրեմյանի լուսանկարները, որոնք արված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլ 24-ին տեղի ունեցած Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ընթացքում: Նրա լուսանկարները ևս իրենց ուրույն տեղը գտան Կարապի լճի տարածքում:
Տաթևիկ Մելքոնյանը ներկայացրեց  «Հոգևոր Հայաստանի խոնարհված սրբությունները» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը ցուցադրվեց Հառիճավանքում՝ փառատոնի շրջանակներում անցկացվող վրանային ճամբարի ընթացքում:

 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.