Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացումը Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ փառատոնը նպաստում է հայրենական մեր կյանքում հոգևոր ու մշակութային արժեքների տարածմանը, մշակութային անդաստանում նոր իրագործումների և ստեղծագործությունների խթանմանը:
Արդի աշխարհում առկա մարտահրավերների առջև, երբ մտահոգիչ հիմնախնդիրներից են հոգևորի անտեսման միտումները, նյութականի գերարժևորումը, նման նախաձեռնությունները հասարակության կյանքում գալիս են զորացնելու աստվածսիրության զգացումը, միմյանց նկատմամբ սիրո, համերաշխության և փոխադարձ հարգանքի ոգին:
Համաշխարհային կինոարվեստի ասպարեզում հոգևոր ֆիլմերը առանձնակի առաքելություն ունեն անձի կրթության ու դաստիարակության կարևոր գործում: Ուրախալի է, որ փառատոնը իր յուրօրինակ մատուցմամբ, նաև մեր եկեղեցիների հովանու ներքո իր շուրջն է համախմբում առավելաբար երիտասարդ սերնդին՝ առիթ ընձեռելով ճանաչելու հոգևոր արժեքներ սերմանող ժամանակակից կինոարվեստը և խորհելու հոգևորի, բարու և գեղեցիկի ընկալումների մասին:
Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում փառատոնի կազմակերպիչներին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ նախանձախնդիր ոգով իրականացնում են այս կարևոր ծրագիրը, և բարի ընթացք ենք մաղթում գովարժան և օգտաշատ այս նախաձեռնությանը:
Աղոթում ենք, որ Երկնավոր մեր Տերը խաղաղ պահի հայրենի մեր երկիրը՝ մեր ժողովրդի կյանքը բարեզարդելով հոգևոր և մշակութային նորանոր հաջողություններով և իրագործումներով:
Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ