• Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Կատյա Մալատեստայի հարցազրույցը

Հաղթահարելով անգլո-իտալա-հայ-ռուսական լեզվական արգելքը՝ ինձ հաջողվեց զրուցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի կինոփառատոնի պատվավոր հյուր Կատյա Մալատեստայի հետ:

Վերջինս մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման ոլորտում առաջատար մասնագետներից մեկն է, ավելի քան տասը տարի է, ինչ տարբեր հեղինակավոր հրատարակություններում գիտական հոդվածներ և հատուկ նյութեր է գրում, այժմ աշխատում է Իտալիայի Տրենտո քաղաքի Պատմական և մշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման կենտրոնում: 2008 թվականը կարևոր իրադարձությամբ նշանավորվեց իտալուհու մասնագիտական կյանքում: Նա գլխավորեց մեր փառատոնին նման «Կրոնն այսօր» (Religion Today) կինոփառատոնը, որը նվիրված է կրոնի և կինոյի միջև երկխոսությանը և ժամանակակից աշխարհում դրանց փոխհարաբերություններին:

-Տիկի´ն Կատերինա, կցանկանայի իմանալ՝ ինչպես է արվեստագետի կրթությունն օգնել Ձեզ կինոփառատոնի ղեկավարման վարչական պաշտոնում:

-Շատ բաներում է օգնել: Կազմակերպելով փառատոնը՝ մենք առաջնահերթ շեշտը դնում ենք ներկայացված ֆիլմերի գեղարվեստական որակի վրա: Եվ դա ոչ պակաս կարևոր է, քան, օրինակ, դրանց գաղափարը, իմաստը, փիլիսոփայությունը և ուղերձը: Երբ ես համալսարանում էի սովորում, մենք հիմնականում պլաստիկ արվեստներ էինք ուսումնասիրում, թեև շատ դասախոսություններ, հատկապես բարձր կուրսերում, հատկացվում էին կինոյին, թատրոնին, գրականությանը, երաժշտությանը, պարերին: Այնպես որ թե´ տարածաժամանակային արվեստները, թե´ տեխնոլոգիական արվեստներն իմ կրթության կողքով չեն անցել: Համալսարանն ավարտելուց հետո ինձ մոտ գիտելիքների հսկայական պահոց էր կուտակվել արվեստի և մշակույթի ամենատարբեր և, մասնավորապես, կինոյի, այսինքն՝ կինոարվեստիոլորտներում:


Կրոնն այսօր» կինոփառատոնը նվիրված է ժամանակակից աշխարհում կինոյի և կրոնի միջև կապին: Ինչպե՞ս եք գնահատում այդ փոխհարաբերությունները ներկա պայմաններում:

-Կինոնարտահայտման հզորագույն միջոց է, որը թույլ է տալիս հաղթահարել ազգայինի նեղ շրջանակները և վերածվել համամարդկային արժեքի: Ի լրումն դրա, ինչպես Սթիվեն Սփիլբերգն է ասում, «կինոն լեզու է, որով ամբողջ աշխարհն է խոսում»: Վառ պատկերների, արտահայտչականության և պլաստիկության, նույնիսկ առանց թարգմանության բոլորին հասկանալի լեզու, եթե մենք գործ ունենք ճշմարիտ արվեստի հետ: Այս բնագավառում կինոն երկու կարևորագույն գեղագիտական գործառույթներ է կատարում: Այն սովորեցնում է մարդկանց, ձևավորում նրանց և հաղորդակցման դաշտ ստեղծում, այն միավորում է: Կարծում եմ՝ հենց կինոյի լեզուն կարելի է գլխավոր միջազգային և բոլորին հասկանալի մասը համարել:

Ինչ վերաբերում է կինոյի և կրոնի փոխհարաբերությանը, այն շատ մեծ և հետաքրքիր կապ է, ինչ-որ բանում հազվադեպ, եզակի: Կրոնը շատ հին հասկացություն է: Այն շատ կայուն է և պահպանողական , իսկ կինոն բոլոր արվեստներից ամենաերիտասարդն է, որը միշտ փոփոխվում է, փոխակերպվում, ժամանակին համընթաց քայլում: Այս երկու գործոնները միասին համադրելով՝ կարելի է ասել՝ այսպիսի կինոփառատոնները ժամանակակից աշխարհում առաջին հերթին համարձակ մարտահրավերներեն: Բացի այդ, կինոն կրոնը, այսինքն՝ հոգևոր սկիզբը ներկայացնելու միջոց է: Եվ ոչ միայն քրիստոնեությունը, այլև ամենատարբեր հավատքներ, դրանց նմանություններն ու տարբերությունները, հասարակության և մարդկանց մտքերում այն զգալի փոփոխությունները, որոնք դրանք են կատարում: Փառատոնի գոյության բոլոր տարիներին մենք միշտ երկու տեսակի ֆիլմեր ենք ստացել. առաջինը՝ ֆիլմեր ուղղակի կրոնի մասին, երկրորդը՝ կրոնի կապը տարբեր հաստատությունների՝ քաղաքականության, հասարակության, սոցիումի, մշակույթի հետ ներկայացնող ֆիլմեր: Այսօր այդպիսի ֆիլմերը պարզապես անհրաժեշտություն են: Կարծում եմ՝ այդ ֆիլմերը կարող են մարդկանց մեջ հանդուրժողականություն, խաղաղություն և ներդաշնակություն ներշնչել: Չէ՞ որ այդ ֆիլմերն ուղղված են ոչ միայն հավատող, եկեղեցի այցելող, այլև բոլոր ցանկացող և հետաքրքրվող մարդկանց:

-Դասական ռեժիսորներից կամ մեր ժամանակակիցներից ո՞վ է ստեղծել և ստեղծում այդպիսի ֆիլմերի ստանդարտներ:

-Բավական է հիշել Կառլ Թեոդոր Դրեյերին, Ռոբեր Բրեսոնին, Քշիշտոֆ Զանուսիին և շատ այլ դասականների, որոնք իրենց ֆիլմերում բարձրացրել են մարդկային գոյության, հոգևոր սկզբի և բարոյական արժեքների հիմնարար հարցերը: Բերգմանը շատ բաներում հոգևոր-բարոյական ճգնաժամ էր շոշափում: Անձամբ ինձ համար այս ոլորտում անվիճելի հեղինակություն է իսպանացի Լուիս Բունյուելը՝ հստակ բարոյական կոդեքսով մարդ: Կառլոս Ֆուէնտեսի՝ իրենց վերջին հանդիպման ժամանակ ուղղած հարցին՝ «Լուի°ս, ի՞նչ եք սովորել՝ապրելով 83 տարի», Բունյուէլը պատասխանել է՝ «Ես կյանքս կտայի այն մարդու համար, ով ճշմարտությունն է փնտրում: Բայց կսպանեի նրան, ով կհավատար, թե գտել է այն»: Ինձ համար սրանք մեծ մտածողի և փիլիսոփայի մեծ խոսեքեր են:

Չեմ կարող չնշել նաև Քշիշտոֆ Կիշլովսկուն՝ "Decalogue" ֆիլմերի հրաշալի շարքի հեղինակին, որոնցից յուրաքանչյուրը ժամանակակից ֆոնի վրա լուսաբանում է Տիրոջ տասը պատվիրաններից մեկը: Եվ հատկապես «Կարճ ֆիլմ սիրո մասին» շարքը՝ նվիրված «Սիրիր մերձավորիդ» պատվիրանին: Այդ ֆիլմը պարզապես հրաշք է, իսկական բացահայտում: Չմոռանանք, որ գերմանացի մեծ կինոռեժիսոր, գերմանական կինոյի «նոր ալիքի» առաջատարներից մեկը՝ Վիմ Վենդերսն իր «Ցանկության թևեր»հայտնի ֆիլմը նվիրել է կինոյի երեք հրեշտակներին, որոնց նա աստվածային կերպարանքի ռեժիսորներ է անվանել՝ Ֆրանսուային, Անդրեյին և Յասուձիրոյին, այսինքն՝ Տրյուֆոյին, Տարկովսկուն և Օձուին:

Իսկ այսօր, կարծում եմ, այս ոլորտում անվիճելի առաջատար է կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը, որը, ինչպես իմացա, հուլիսին կայանալիք «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին կհյուրընկալվի Երևանում: Այնպես որ ընթերցողներին խորհուրդ եմ տալիս բացչթողնել վերջինիս հոգևոր և բարձր գեղարվեստական, գեղագիտական ֆիլմերի հետահայացը: Չէ՞ որ վերջին երեք տարիները մեկ տասնամյակի հետ միասին համաշխարհային կինոյում հենց ասիական կինոյի՝ իմաստուն Արևելքի հաղթական երթի տարիներն են:

-Դուք հիշատակեցիք «Ոսկե Ծիրանը»: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերը հիմնականում նվիրված են համաշխարհային հոգևոր և բարոյական ճգնաժամին: Ինչպիսի՞ դեր են խաղում այդպիսի փառատոնները հատկապես այսօր՝ ժամանակակից պայմաններում:

-Այո´, այսօր հոգևոր և բարոյական ճգնաժամ է նկատվում: Անհետանում է մարդը, պարզ մարդկային փոխհարաբերությունները, որակներն ու միամիտ զգացմունքները: Ամեն ինչ պրագմատիկ է:

Ավելի ու ավելի շատ են խոսում քաղաքակրթության անկման մասին: Համակարգիչներն ու ժամանակակից տեխնոլոգիաները մեր նոր աստվածն են դարձել: «Մատրիցայի» հորինված, ծրագրավորված աշխարհը միանգամայն իրական է դարձել` արտաքսելով և փոխարինելով սովորություն դարձածն ու իրականը: Բայց պետք է այս իրավիճակից դուրս գալու ինչ-որ ելք գտնել: Ես ինքս նկատում եմ, որ մեզ մոտ՝ Իտալիայում, մարդիկ, հատկապես երիտասարդները, իրական կյանքի, մարդկային լիարժեք հարաբերությունների և Համաշխարհային սարդոստայնից դուրս շփման կարիք են զգում: Ես կարծում եմ, որ հենց այսպիսի մշակութային միջոցառումներն են մեծապես նպաստում իրականի վերակենդանացմանը բոլոր իմաստներով: Ժամանակակից աշխարհում մարդը շատ միայնակ է, ինչպես Լյուկ Բեսոնի «Լեոն» կուլտային ֆիլմի հերոսը: Նա մոլորվել է մեծ քաղաքում, և չկա այն միակը, ով կհասկանար և կընդուներ նրան և նրա հետ կկիսեր գոյության բոլոր ուրախությունները ու վշտերը: Եվ, ի դեպ, այդ խնդիրները նոր չեն: Դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին Անտոնիոնին խոսում էր հանրության, զգացմունքների մահվան, մարդկանց մեկուսացման և միմյանց հետ հաղորդակցման անկարողության մասին նույնիսկ շքեղ տների և նյութական բարգավաճման հողի վրա:

-Արդեն մեկ շաբաթ է, ինչ հյուրընկալվում եք Հայաստանում: Ձեզ դո՞ւր է գալիս մեր «Ֆրեսկոն»: Ի՞նչ հեռանկարներ ունի այն:

- Ինձ շատ է դուր եկել «Ֆրեսկո» կինոփառատոնը: Այն ինձ հիշեցրեց իմ հայրենի Իտալիան: Երեկոյան, երբ բոլորս հավաքվել էինք Կարապի լճի շուրջը, այնքան հետաքրքիր էր: Միմյանց անծանոթ հասարակ մարդիկ միասին հավաքվել էին մեկ վայրում՝ կիսելու կինոդիտումը և արվեստով մաքրվելու կոլեկտիվ սեանս անցնելու: Այնուհետև պատրաստակամությամբ կիսում էին իրենց տպավորություններն ու մտքերը միմյանց, կազմակերպիչների և փորձագետների հետ: Ի դեպ, կարծում եմ՝ հայերը շատ իմաստուն ժողովուրդ են: Ես ձեզ մոտ շատ բան եմ սովորել: Այդ քննարկումները միասնական են դարձրել մարդկանց, ավելի մոտեցրել իրար փոփոխությունների մեր դժվարին օրերում: Եվ դա արդեն մեծ ձեռքբերում է: Եվ հետո հավատացյալ մարդը միանգամայն հարաբերական հասկացություն է, քանի որ, օրինակ, մարդը կարող է եկեղեցի չգնալ, բայց իր մեջ ավելի իմաստավորված կերպով կրել հաստատուն հոգևոր և բարոյական արժեքներ, քան այն մարդը, ով ամեն կիրակի սովորության համաձայն Աստծո տաճար է հաճախում: Եվ այդ գործողությունը նրա մոտ ոչինչ չնշանակող և ոչնչին չնպաստող մեխանիկական արարողության է վերածվել: Հենց այս մասին է խոսում ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլի սկանդալային, ցնցող «Դրախտ» եռապատումը: Կարծում եմ, որ բոլոր մարդիկ, առանց բացառության, հոգևոր սննդի կարիք ունեն:

- Իսկ ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից, նրա ժողովրդից: Ի՞նչ եք հասցրել տեսնել, ի՞նչ եք տանելու Ձեզ հետ:

-Ես հասցրել եմ հիանալի մարդկանց հետ շփվել, իսկական պրոֆեսիոնալների, իրենց գործի գիտակների հետ: Այդ շփումը հարստացրել է ինձ և միշտ ինձ հետ կմնա՝ որպես բարի հիշողություն բաց հոգի ունեցող և ներքին ջերմությամբ մարդկանց մասին, որոնք նրանք տալիս են յուրաքանչյուրին, ով իրենց հետ առնչվում է: Եվ նրանք բոլորը շատ սերտ են, ինչը պակաս կարևոր չէ: Ես հասցրել եմ լինել Օձունում և Ախթալայում: Ես պարզապես ցնցվեցի պատմական և մշակութային հսկայական նշանակության ճարտարապետական հնություններով, դրանց՝ ժամանակի և տարածության մեջ մասշտաբներով և կայունությամբ: Նաև նուրբ գույներով, հատկապես երկնագույն հրաշալի որմնանկարները, և այստեղ ես հասկացա, թե որտեղից է գալիս «Ֆրեսկո» անվանումը: Բայց այդ որմնանկարները վնասվել են ժամանակի ընթացքում, անբարենպաստ պայմանների կամ թշնամիների հարձակումների հետևանքով: Ահա այդպես էլ սպիտակ բծեր, ճաքեր, վերքեր կան նաև մարդկանց հոգիներում, որոնք պետք է լցնել, վերականգնել, բուժել հենց հոգևոր և բարոյական, հավերժական արժեքների միջոցով: Եվ, անշուշտ, դրանք մարդկանց կփոխեն դեպի լավ կողմը, նրանց կստիպեն կյանքի այս բուռն հոսքում մի պահ կանգ առնել և մտածել, հայացք ձգել դեպի իրենց և մտերիմի ներաշխարհը: Կստիպեն գնահատել սեփական կյանքը, ինչպես Էմիր Կուստուրիցան է ասում, «դեպի կյանքը, մարդկանց, գույները և լույսը» տանող ճիշտ ուղու վրա կանգնել: Ես շատ կցանկանայի, որ բոլորը հավատային այդ մեծագույն գաղափարին և օգնեին, ով ինչով կարող է: Ահա այդ դեպքում փառատոնն իսկապես կկայանա:

Մարիա Թոքմաջյան


© 2014 - 2025. Fresco.Am. All Rights Reserved. Website by Betanet Co.