ՖՐԵՍԿՈՆ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ֆրեսկոյի նպատակն է նպաստել Հայաստանում հասարակության լայն շերտերի, հատկապես խոցելի խմբերի ինտեգրմանը սոցիալ-մշակութային կյանքին, նպաստել հանրության էսթետիկական ճաշակի զարգացմանը, համախմբել մասնագետների, ովքեր շահագրգիռ են հոգևոր, պատմական և մշակութային արժեքների վերականգնման և զարգացման հարցում: Նպաստել միջազգային բարեկամական հարաբերությունների հաստատմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև հայ մշակույթի հանրահռչակմանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Տարվա ընթացքում փառատոնը իրականացնում է տարատեսակ ծրագրեր՝ դասընթացներ, ճամբարներ, փառատոներ, գիտաժողովներ, համերգներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված են հոգևոր, մշակութային, մարդասիրական արժեքների, մասնագիտական կրթության, առողջ ապրելակերպի կրթմանն ու զարգացմանը:
Ֆրեսկոն առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին, հատկապես խոցելի խմբերի հետ: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ նրանք ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ նաև ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ֆրեսկոյի շրջանակներում ներառական ծրագրեր են իրականացվել Մեծամորում, Գյումրիում, Սևանում, Իջևանում, Աբովյանում, Երևանում, Գորիսում և այլ վայրերում:
Ֆրեսկոյի ուշադրության կենտրոնում են՝
Մանկատան սաները,
Հաշմանդամները,
Քրեակատարողական հիմնարկները,
Սահմանամերձ գյուղերը,
Բանակայինները,
Վետերանները,
Փախստականները և տեղահանվածները։
ՖՐԵՍԿՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
Ֆրեսկոն հյուրընկալվել է մի շարք երկրներում՝ որպես մշակութային բացառիկ նմուշ:
2016թ. Ռուսաստան, ք. Մոսկվա__Հայկական եկեղեցական համալիր /Ռուսաստանի ևՆոր Նախիջևանի թեմ/Ֆիլմերի դիտում-քննարկում, համերգ, ֆոտոցուցահանդես
2017թ. Իտալիա, ք. Տրենտո__«Կրոնն այսօր» փառատոն՝ Գիտաժողով միջազգային հոգևոր փառատոնների մասնակցությամբ
2018թ. Էստոնիա, Լատվիա, Ֆինլանդիա__ «Միասին» միջազգային ներառական ծրագիր, վարպետության դասեր, փորձի փոխանակում
2018թ. Իտալիա, ք. Տերնի__«Մարդիկ և կրոնները - Տերնիի կինոփառատոն», Գիտաժողով միջազգային հոգևոր փառատոնների մասնակցությամբ:
«Ֆրեսկո»-ն առաջարկ է ստացել հաջորդ միջազգային հոգևոր փառատոնների հանդիպում գիտաժողովը իրականացնել Հայաստանում Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում:
2019 –ին փառատոնի գեղ ղեկավարը նախագահել է ժյուրիի կազմը:
2020 հյուրընկալվել է Լեհաստանի Զամոսչե քաղաքի «Սակրոֆիլմ» փառատոնին:
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ» խորագրով հատուկ ծրագիր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրեսկո փառատոնի հիմնական գաղափարախոսությունը մարդասիրական արժեքներ քարոզելն է, և հիմք ընդունելով այդ համամարդկային արժեքներից խաղաղությունը, փառատոնի շրջանակներում ներկայացվում է «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը`նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Յուրաքանչյուր տարի Ֆրեսկոյի ծրագրում ներառվում է նաև այց Ծիծեռնակաբերդ, որտեղ փառատոնի մասնակիցները և հյուրերը հարգանքի տուրք են մատուցում Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև պաշտոնական հանդիպում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմի հետ, որին էլ հաջորդում է ռեժիսոր Օսկար Ափֆելի «Հոգիների աճուրդ» (երկրորդ անունը` «Ավրորա») հոլիվուդյան ժապավենի ցուցադրությունը, որը Հայոց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմն է:
«ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ»
Ֆրեսկո փառատոնի «Հետադարձ հայացք» ծրագիրը միտված է արժևորելու և անդրադառնալու հայաստանյան և համաշխարհային կինոյում և արվեստի այլ ճյուղերում ավանդ ունեցած մեծանուն դեմքերին: